Եգիպտոսի Ազգային ժողովում փետրվարի 7-ին հերթական աղմկահարույց միջադեպն է տեղի ունեցել: Խորհրդարանականներից մեկի ելույթի ժամանակ սալաֆիական «Ան-Նուր» կուսակցության պատգամավոր Մամդուh Իսմայիլի կատարմամբ հնչել է ազանը, որը կոչ է անում աղոթք սկսել: Անտեսելով իր գործընկերոջ ելույթը` սալաֆիական պատգամավորը կանգնել է եւ զիլ ձայնով հնչեցրել աղոթքի կանչող մեղեդին:
«Մուսուլման եղբայրներ» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի խոսնակ Սաադ ալ-Քաթաթնին փորձել է հասկացնել պատգամավորին, որ նման ակցիան խորհրդարանական կարգի ուղղակի խախտում է, սակայն ապարդյուն` ազանը մինչեւ վերջ հնչեցվել է:
Ալ-Քաթաթնին սալաֆիականին նախազգուշացրել է, որ չարժե շանտաժի ենթարկել պատգամավորներին, քանի որ նրանք ոչ պակաս մահմեդական են: Խոսնակը հիշեցրել է, որ խորհրդարանը նախատեսված է քննարկումների համար, իսկ աղոթքի համար խորհրդարանական համալիրի տարածքում հատուկ մզկիթ է կառուցվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Մամդուհ Իսմայիլը աչքի էր ընկել դեռ խորհրդարանի աշխատանքների սկսման առաջին օրը` հունվարի 23-ին: 508 պատգամավորների երդման արարողության ընթացքում նա տարիներով մշակված ավանդական տեքստին ինքնակամ ավելացրել է «... եւ ինչը չի հակասում շարիաթին» արտահայտությունը:




























