Ավստրալիայի Արտաքին գործերի նախարար Քեվին Ռադը հետ է կանչել Սիրիայում իր ժամանակավոր հավատարմատարին` կապված այդ երկրում շարունակվող բախումների հետ:
Ռադը հայտարարել է, որ Սիրիայի իշխող վարչակազմը կորցրել է լեգիտիմությունը: Նա խնդրել է դիվանագետին այդ երկրի նախագահ Բաշար Ասադին փոխանցել հրաժարական տալու պահանջը: Ավստրիալիան, այդուհանդերձ, շարունակելու է ծառայություններ մատուցել Սիրիայում գտնվող Ավստրալիայի քաղաքացիներին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով ավստրալիական ABC հեռուստաընկերությանը:
Իրենց դեսպաններին հետ են կանչել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան եւ Նիդեռլանդները: Նման որոշում են կայացրել նաեւ Պարսից ծոցի երկրները: ԱՄՆ-ն ընդհանրապես փակել է Սիրիայի իր դիվանագիտական գերատեսչությունները:
Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի համար անհասկանալի է Արեւմուտքի պետությունների եւ Պարսից ծոցի երկրների տրամաբանությունը: «Չեմ կարծում, որ դեսպաններին հետ կանչելը նպաստում է այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք նպատակահարմար կլինեն Արաբական երկրների լիգայի նախաձեռնությունների իրագործման համար»,-ասել է Լավրովը, մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:
Որոշ փորձագետների կարծիքով, դեսպաններին ետ կանչելը Սիրիայի դեմ ուժային գործողությունների նախապատրաստման ազդանշան է:




























