Մալդիվների նոր նախագահ Մուհամեդ Վահիդ Հասանը նախկին նախագահ Մուհամեդ Նաշիդին անձեռնմխելիություն է խոստացել դատական հետապնդումներից:

Որոշ տվյալներով` Նաշիդն այս պահին տնային կալանքի տակ է: Իշխանությունները հերքում են այս տեղեկատվությունը` հայտնելով, որ ոստիկանությունը պաշտպանության տակ է առել նախկին նախագահին, գրում է Associated Press-ը:

Մուհամեդ Նաշիդը հրաժարական է տվել փետրվարի 7-ին` հակակառավարական բազմաթիվ ցույցերից եւ այն բանից հետո, երբ ոստիկանությունն անցել է ընդդիմության կողմը: Նաշիդին մոտ կանգնած աղբյուրը վստահեցնում է, որ այդ իրադրությունում նա կամ պետք է զինվորականների միջոցով ճնշեր բողոքի ցույցերը, կամ թողներ պաշտոնը:

Մուհամեդ Վահիդ Հասանը, որը նախկինում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը, նախագահական երդում է տվել:

Միաժամանակ նախկին նախագահ Նաշիդի կուսակցությունը` Մալդիվների դեմոկրատական կուսակցությունը, վերջին օրերի դեպքերը որակել է իբրեւ պետական հեղաշրջում:

Մոտ ժամանակներում Հասանը մտադիր է միացյալ ազգային կառավարություն ստեղծել, որում ներկայացված կլինեն ընդդիմադիր բոլոր կուսակցությունները: Այն կգործի մինչեւ 2013թ., երբ երկրում նախագահական ընտրություններ կանցկացվեն: