Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 7-ի նիստում անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշվում է, որ 2012 թ. հունվարին արձանագրվել է 3.65 գնաճ, սակայն 12-ամսյա գնաճը կազմել է 4.8 %` պահպանվելով 4+-1.5 տոկոսային կետ միջակայքում:

Դրամավարկային քաղաքականության նոր` 2012 թ. առաջին եռամսյակի ծրագրում ներկայացրած բազային սցենարով` համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճայինճնշումներ չեն սպասվում: Առաջատար մի շարք երկրներում արձանագրվել են տնտեսական ակտիվության դրական միտումներ եւ հիմնական հումքային ու պարենային ապրանքների միջազգային գների թույլ աճ:

ԿԲ-ն համարում է, որ ՀՀ տնտեսությունը զարգանում է դրամավարկային ծրագրում ներկայացված բազային սցենարին համապատասխան: Այդ դեպքում առավել հավանական է համարվում, որ գնաճը առաջիկայում կշարունակի գտնվել 4+-1.5 տոկոսային կետ միջակայքում: