Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր` փետրվարի 8-ին ընդունել է ֆրանսիական «Լա փոստ» ընկերության միջազգային եւ արտաքին կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսվիլին եւ ընկերության միջազգային կապերի վարչության ծրագրերի հարցերով պատասխանատու Մարկ Լիսակին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք քննարկել են «Լա փոստ» եւ «Հայփոստ» ընկերությունների միջեւ 2010թ.-ին կնքված ծառայությունների համաձայնագրին: Ֆրանսիական կողմը նախարարին մանրամասն ներկայացրել է համաձայնագրով իրենց վերապահված գործառությունների շրջանակներում կատարված աշխատանքները եւ հետագա անելիքները:

«Լա փոստ» ընկերության միջազգային եւ արտաքին կապերի տնօրեն Ժան Պոլ Ֆորսվիլիը տեղեկացրել է, որ երկու փուլից կազմված աշխատանքների առաջին փուլը շուտով կավարտվի: Այն ներկայացնում է փոստային բաժանմունքների արդիականացմանը, նամակների, ծանրոցների առաքման արդյունավետության բարձրացմանը, ծանրոցների տեսակավորման կենտրոննների կառուցմանն ուղղված  առաջարկությունների փաթեթ:

Մ.Վարդանյանը  ներկայացրել է այն պահանջները, որոնք դրված են «Հայփոստ»-ի կառավարչի հետ բանակցությունների հիմքում, մասնավորապես` փոստային բաժանմունքների արդիականացում եւ դրանց քանակի սահմանում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, ունիվերսալ ծառայությունների մատուցում, կադրերի վերապատրաստում: Նախարարը «Լա փոստ» ընկերության ներկայացուցիչներին առաջարկել է վերոնշյալ պահանջները ընդգրկել  իրենց առաջարկությունների փաթեթում, որը կներառվի նաեւ «Հայփոստ»-ի կառավարչի կողմից ներկայացվող բիզնես պլանում:

Կողմերը անդրադառձել են նաեւ ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման խնդիրներին: Նախարար Մ.Վարդանյանը հայտնել է, որ ներկա պահին փորձագետների խումբը աշխատում է Հայաստանի փոստային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար: