Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները դաշնակցային են: Այդ մասին փետրվարի 8-ին Ռուսաստանի սահմանապահ զորքերի կառավարման եւ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:
Նա նշել է, որ կողմերը գրեթե բոլոր ուղղություններով օժանդակություն են ցույց տալիս միմյանց, համատեղ լուծում ծագած հարցերը:
Պատրուշեւը հաղորդել է, որ արդեն կայացել է հանդիպումը Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: Կողմերը մի շարք հարցեր են քննարկել: Վաղը քննարկումները կշարունակվեն ավելի լայն մասշտաբով` այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Ընդհանուր առմամբ, թե Ռուսաստանում եւ թե Հայաստանուն իրադրությունը նորմալ է, հատուկ միջոցների կարիք չկա»,-նշել է Պատրուշեւը` հավելելով, որ վերահսկողության եւ շտկումների կարիք կա, եւ նման աշխատանքներ տարվում են:
Պատրուշեւը ափսոսանքով է նշել, որ եղանակային պայմանների պատճառով այս անգամ չի հաջողվել այցելել Գյումրի: Բայց նա հույս է հայտնել, որ մյուս անգամ այցելությունը հնարավոր կլինի: Իսկ այժմ կվերամշակվեն այլ հարցեր:




























