Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, փետրվարի 7-ին, ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին եւ քննարկել երկու երկրների ոստիկանությունների միջեւ համագործակցությունը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար եւ ընդգծելով Հայաստանի ոստիկանության պետի հետ առաջին հանդիպման կարեւորությունը` Զդիսլավ Ռաչինսկին նշել է, որ երկու երկրների ոստիկանական կառույցների փոխհարաբերությունները մեծ ներուժ ունեն եւ առաջիկայում կարող են վերածվել լիարժեք համագործակցության:

Վլադիմիր Գասպարյանը հույս է հայտնել, որ փոխգործակցությունը կսերտանա` հատկապես նկատի ունենալով լեհ գործընկերների փորձն արդյունավետ օգտագործելու հեռանկարը:

ՀՀ ոստիկանության պետն անդրադարձել է համակարգում ընթացող բարեփոխումներին` նշելով, որ առանձնապես կարեւորում է մարդկային գործոնը` ոստիկանության ծառայողների բարոյահոգեբանական վերափոխումը, որը հաջողության գրավականներից է:

Ոստիկանության պետը հյուրին ներկայացրել է ոստիկանության գիշերային ծառայության ուժեղացման ընթացքը, ինչի արդյունքում զգալիորեն նվազել են այդ ժամերին կատարվող հանցագործությունները:

Անդրադառնալով պարեկային ծառայության կազմավորմանը` Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքների նպատակը հանցագործությունների կանխարգելումն է, իսկ համակարգում ընթացող կադրային եւ կառուցվածքային փոփոխությունները, ինչպես եւ տեխնիկական վերազինումը ուղղված են ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմանն ու կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելուն: