Հայաստանի պաշտպանության նախարարի եւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի միջեւ հակասություններ չկան: Այդ մասին, այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունները:
«Նման հակասություններ չկան ու չեն կարող լինել: Բանակում այսօր չկա որեւէ մեկը, ով չի կատարում Զինված ուժերի բարեփոխման ու զարգացման ծրագիրը»,- նշել է Օհանյանը` հավելելով, որ տեղերում կան հրամանատարներ, որոնք, իրենց ունակություններից ելնելով, խնդիր կարող են ունենալ սահմանված ժամկետներում այս կամ այն գործառույթն իրականացնելու հետ:
Նախարարը նաեւ հերքել է մի շարք լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե իր վերջին այցը Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան եւ նրա հայրական տուն, քաղաքական նպատակ են հետապնդել: Նախարարի խոսքով, ինքը ցանկացել է այցով մեկ անգամ եւս արժեվորել Սպարապետի ներդրումը հայկական բանակի կայացման գործում: «Ես մշտապես կապ եմ պահում Վազգեն Սարգսյանի ընտանիքի եւ ծնողների` Գրետա մայրիկի եւ ձյաձ Զավենի հետ»,- ասել է Օհանյանը:




























