Հայաստանի հանրապետական կուսակցության նոր ընտրացուցակում հայտնի գործարարներ չեն լինի: Այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 8-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ: «Որպես ձեռնարկատեր հայտնի մարդիկ մեր ցուցակներում չեն լինի»,- ասել է վարչապետը:
Պատասխանելով հարցին, արդյոք գործարարները կառաջադրվե՞ն մեծամասնական ընտրակարգով, վարչապետը նշել է, թե հարցը վաղաժամ է, քանի որ դեռ հայտնի չէ, թե ով եւ որ քաղաքական ուժերից կառաջադրվեն մեծամասնական ընտրակարգով:
Հարցին, թե կարո՞ղ է այդ դեպքում պատգամավոր դառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, վարչապետն ասել է. «Ելնելով կոռեկտության նկատառումներից, ճիշտ կլիներ, որ նման հարցերը հասցեագրեք այն անձանց, ում մասին հիշատակում եք»:




























