Այս տարի ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիան նպատակ ունի ամրապնդել երկխոսությունը կազմակերպության անդամ երկրների միջև՝ չնայած նրանց միջև առկա տարաձայնություններին։ Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ինյացիո Կասիսը։
«Մենք ցանկանում ենք, որ ԵԱՀԿ-ն մնա ներառական երկխոսության հարթակ, նույնիսկ երբ խոսակցությունը դժվար է ընթանում, մեր [եվրոպական] հավաքական անվտանգության անփոփոխ պաշտպանը, որը պատրաստ է տեղերում դիտարկել, փաստաթղթավորել և աջակցել խաղաղության շուտափույթ հաստատմանը»,- ասել է նա Վիեննայի Հոֆբուրգում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք պետք է արդարացնենք ԵԱՀԿ հիմնադիրների սպասելիքները։ Այդ սպասելիքներն այսօր նույնն են, ինչ 50 տարի առաջ՝ խաղաղություն և անվտանգություն։ Եվրոպան և աշխարհը խաղաղության մեջ չեն եղել 1975 թվականին և այնուամենայնիվ դիվանագիտությունը հաղթել է։ Երբ վրա է հասնում անկայունությունը, մենք կարող ենք և պետք է պատասխանենք դրան խիզախությամբ և հստակությամբ»,- հավելել է Կասիսը։
ԵԱՀԿ գործող նախագահը նաև հավաստիացրել է, որ «պատրաստ է աշխատել բոլոր» անդամների հետ՝ կազմակերպության գործունակությունն ապահովելու համար։





























