Թերթը գրում է, որ սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը, որ նախորդ տարվա սկանդալային պաշտոնանկությունից հետո մեկնել էր Գերմանիա, ապա` ապաստանել հայրենի Ախթալայում, այս տարվա սկզբից վերադարձել է Երեւան:
«Վերջին 2-3 շաբաթներին նա սկսել է նույնիսկ երեւալ հրապարակային վայրերում, մասնավորապես Երեւանի Աբովյան փողոցի վրա գտնվող սրճարաններում: Սա նշանակում է, որ Խաչիկյանի դատվելու վտանգն անցել է, եւ իշխանության ամենավերին օղակներից նրան չդատելու երաշխիք են տվել: Իսկ սոցապահովության հիմնադրամի ծավալուն գործով այս ընթացքում մի քանի դրվագներով գործերն ավարտվել եւ ուղարկվել են դատարան: Խաչիկյանի շրջապատի մարդիկ լուրեր են տարածում, թե նա իսկապես չարաշահումների հետ կապ չունի, եւ ենթականերն օգտվել են նրա անփորձությունից»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























