Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի: Այս մասին հայտնել են Հանրապետության իշխանությունները: Ավելի վաղ հաղորդվել էր 11 սպանվածների եւ 34 վիրավորների մասին:
Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 8-ին` նախագահի բնակատեղից ոչ հեռու: Դրա պատասխանատվությունն ստանձնել է «Ալ Շաբաբ» իսլամիստական խմբավորումը, հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ այսօրվա դրությամբ Սոմալիի Հանրապետությունը մարտնչող ցեղերի թատերաբեմ է: Երկրում որպես միակ օրինական իշխանություն միջազգային հանրությունը ճանաչել է դաշնային կառավարությանը, որը վերահսկում է Մոգադիշոն եւ շրջակա մի շարք շրջանները, իսկ երկրի մնացած շրջանները չճանաչված պետական կազմավորումների իշխանության տակ են կամ համարվում են ինքնավար տարածքներ:
Սոմալիի հարավում եւ հյուսիս-արեւելքում իշխում են տեղական կլանները եւ արմատական իսլամիստական շարժումները:




























