Օկլահոմայի համալսարանի HEDCO ապացույցների վրա հիմնված կրթական պրակտիկայի ինստիտուտի նոր զեկույցի համաձայն, թվերի վրա հիմնված խաղերը, որոնցում խաղացողները տեղափոխում են խաղաքարերը ուղիղ, համարակալված գծի երկայնքով, կարող են զգալիորեն բարելավել փոքր երեխաների մաթեմատիկական հմտությունները: Ավելին, նույնիսկ 10 րոպեանոց մի քանի խաղային սեանսները կարող են երկարաժամկետ օգուտներ բերել:
«Այդ արդյունքները ստացվել են թվերի վրա հիմնված սեղանի խաղերի և նախադպրոցականից մինչև երկրորդ դասարան երեխաների մաթեմատիկական հմտությունների զարգացման վերաբերյալ ուսումնասիրությունների համակարգված վերանայման ընթացքում, -գրում է «Научная Россия»-ն: Մենք ընտրեցինք այս թեման, քանի որ վաղ մաթեմատիկական հմտությունները կարևոր գործոն են երեխաների դպրոցում հաջողությունը որոշելու համար, իսկ թվերի վրա հիմնված սեղանի խաղերը հեշտ օգտագործման համար և մատչելի են»,- ասում է Օրեգոնի համալսարանին առընթեր Մանկավարժական քոլեջի դասվանդման և ուսուցման կենտրոնի դոցենտ Գենա Նելսոնը:
«Վերանայումը ցույց է տալիս, որ գծային թվեր օգտագործող սեղանի խաղերով կարճ խաղային սեանսները կարող են զգալիորեն բարելավել մաթեմատիկական բազային հմտությունները, մասնավորապես՝ հաշվելը, թվերի ճանաչումը և քանակի ըմբռնումը»,- պարզաբանում է նա:
Դեպքերի 76%-ում խաղը բարելավել է հաշվելու հմտությունները, որոնք ներառում են հերթականությամբ հաշվելու, հավաքածուի յուրաքանչյուր տարրը միայն մեկ անգամ հաշվելու և հավաքածուի առարկաների ընդհանուր թվի հետ ըմբռնելու ունակությունը։
Այդ արդյունքներն օգտակար կլինեն ուսուցիչների և ծնողների համար, ովքեր տնային ուսուցմամբ են զբաղվում հարստացնող գործունեություն փնտրող երեխաներով, ինչպես նաև ընտանիքի անդամների և դաստիարակների համար, ովքեր ցանկանում են զվարճանալ երեխաների հետ՝ միաժամանակ նպաստելով նրանց ուսմանը։
Review of Educational Research հանդեսում հրապարակված հոդվածը կենտրոնանում է ժամանակի փորձությանը դիմացած և արժանահավատ հետազոտությունների հետ համահունչ խաղերի վրա։
HEDCO ինստիտուտի հետազոտողներ Նելսոնը և Մարա Սազերլենդները անցկացրել են ուսումնասիրությունների համակարգված վերանայում՝ հույս ունենալով ներառել լավագույն թվերի վրա հիմնված սեղանի խաղերի տարրերը, որոնք նախատեսված են հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ սեղանի խաղերի իրենց հետազոտության համար մշակվող խաղերում։
«Մենք փորձարկում ենք թվային խաղերի, մաթեմատիկական թեմայով պատմվածքների և մաթեմատիկական բանաստեղծությունների մի հավաքածու, որոնք կարող են օգտագործվել տանը հաշմանդամություն ունեցող 3-5 տարեկան երեխաների հետ,- ասում է Օկլահոմայի համալսարանին առընթեր Դասվանդման և ուսուցման կենտրոնի գիտաշխատող Սազերլենդը։ -Վերլուծության ընթացքում պարզեցինք, որ փոքր երեխաների համար նախատեսված մաթեմատիկական վարժությունները պետք է ադապտացվեն՝ կախված նրանց տարբեր թվեր սովորելու պատրաստակամությունից»։
Հետազոտողները դա հաշվի են առել սեփական թվային սեղանի խաղերը մշակելիս՝ ներառելով երեխայի կարողությունների վրա հիմնված տարբեր մակարդակներ և լրացուցիչ մաթեմատիկական վարժություններ։ «Ծնողների գերակշիռ մեծամասնությունը դրականորեն է արձագանքել տանը տարբեր ուսումնական կարիքներ ունեցող երեխաների համար ադապտացված մաթեմատիկական վարժությունների օգտագործմանը»,- եզրակացրել են հետազոտողները։





























