Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել է Միացյալ Նահանգներ կատարած իր այցի մասին, որտեղ բանակցություններ են նախատեսված ամերիկյան գործընկերների հետ՝ հնարավոր խաղաղության համաձայնագրի մանրամասների շուրջ, հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինան»:

Նրա խոսքով՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և ժողովրդական պատգամավոր Դավիթ Արախամիայի հետ միասին նա մի շարք հանդիպումներ կունենա Վաշինգտոնում:

«Նախատեսված է համատեղ հանդիպում անցկացնել Սթիվեն Ուիթքոֆի, Ջարեդ Քուշների և Դենիել Դրիսկոլի հետ: Ուկրաինային արդար խաղաղություն է պետք: Աշխատում ենք արդյունքի համար», - գրել է նա սոցիալական ցանցերում:

Ումերովը նույնպես պատմել է ԱՄՆ կատարած իր այցի մասին:

«Այս օրերին ամերիկյան գործընկերների հետ աշխատում ենք խաղաղության գործընթացի հետագա առաջմղման ուղղությամբ։ Կշարունակենք աշխատանքը արդար և կայուն խաղաղության հասնելու, ինչպես նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների և հաջորդ քայլերի համաձայնեցման շուրջ», - գրել է նա։

Ուկրաինան շարունակում է խորհրդակցությունները եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ խաղաղության պլանի իրականացման վերաբերյալ։ Դեկտեմբերի վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել էր Ֆլորիդա, որտեղ հանդիպում էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Չնայած Ուկրաինայի համար անվտանգության լիարժեք երաշխիքների մասին հայտարարություններին՝ տարածքների վերաբերյալ առանցքային և ամենաբարդ հարցը, դեռևս մնում է չլուծված։ Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարում է, որ կողմերը մոտ են փոխզիջմանը, իսկ Զելենսկին նշում է, որ խաղաղության պլանը պատրաստ է 90%-ով, իսկ անվտանգության երաշխիքները՝ 100%-ով։