Նախօրեին Իսրայելում սկսված համընդհանուր գործադուլը շարունակվում է: Ֆինանսների նախարարության եւ «Հիստադրուտ»արհեստակցական միության ներկայացուցիչները չեն կարողացել երկու կողմերին բավարարող որոշման հանգել: Այժմ գործը դատարանում կլուծվի:
Երկիրը համարյա ամբողջովին կաթվածահար է եղել: Դադարեցվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի թռիչքները, չեն աշխատում քաղաքային եւ պետական հաստատությունները, համալսարանները, բանկերը եւ բորսան:
Ֆինանսների նախարարության եւ «Հիստադրուտի» բանակցությունները, որը պահանջում է միջնորդ ընկերությունների միջոցով աշխատանքի վերցված վարձու աշխատողների կարգավիճակի փոփոխություն, շարունակվել են մինչեւ ուշ գիշեր, բայց հաջողությամբ չեն պսակվել: Նախօրեին Արդարադատության Վերին ատյանը, որին դիմել էին կառավարության ներկայացուցիչները, գործադուլը վերացնելու պատճառ չի գտել:
Ըստ ֆինանսների նախարարության գնահատման` գործադուլի հետեւանքով վնասը կազմում է օրը 2,3 միլիարդ շեկել (շուրջ 500 միլիոն դոլար) , գրում է «Կուրսորը»:
«Գործադուլը ոչ միայն արդարացված չէ, այլեւ վտանգավոր է Իսրայելի համար: Այն սպառնում է մեր շուկային, տնտեսությանը եւ քաղաքացիներին», - հայտարարել է եթերում երկրի ֆինանսների նախարար Յուվալ Սթեյնիցը:
«Հիստադրուտի» ֆեդերացիայում արդեն պատասխանել են նախարարի հարցին. «Աշխատողը միայն մեկ զենք ունի` գործադուլը», գրում է rbc-ն:
Հիշեցնենք, որ համընդհանուր գործադուլն սկսվել է փետրվարի 8-ին, որին մասնկացում են պետական հաստատություններ, քաղաքային ծառայություններ, բանկեր, բորսան, փոստը, նավահանգիստներ, երկաթուղային ընկերությունը, թանգարանները եւ թատրոնները: Գործադուլին չեն միացել միայն ավտոբուսային ընկերությունները եւ ուսումնական հաստատությունները:
«Հիստադրուտի» հիմնական պահանջը կառավարության կողմից աշխատողների պաշտոնական վարձակալումն է, որոնք աշխատում են պետական ոլորտում, սակայն մասնավոր հիմունքներով: Պետք է նշել, որ նրանց թիվը կազմում է 250 հազար մարդ, որը 7,8 միլիոնանոց երկրի աշխատողների զգալի մասն է:



























