Այսօրվա դրությամբ արդար ընտրություններ նշանակում է իշխանության փոփոխություն, իսկ եթե ընտրություններն արդար չլինեն, երկրում ճգնաժամ կսկսվի: Այս մասին, այսօր` փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով, այսօրվա պայքարը իշխանական կերակրատաշտին մոտ լինելու պայքար է, իսկ երկրի բարեփոխման ուղությամբ ո’չ ծրագիր կա, ո’չ կատարող:

Պարույր Հայրիկյանը համոզված է, որ եթե տեղի ունենան արդար ընտրություններ կամ  եթե նույնիսկ իշխանական լծակներն օգտագործվեն, իշխանությունները 41 տոկոսից ավելի չեն կարող հավաքել, ինչը նշանակում է, որ պետք  կոալիցիա ստեղծվի:

Իսկ եթե իշխանությունը որոշի գնալ ոչ արդար ճանապարհով, ըստ Հայրիկյանի, կլինի այն, ինչ եղավ ՀՀՇ-ի հետ, այսինքն` որոշ ժամանակ անց նրանք կհեռանան:

ԱԻՆ նախագահի ներկայացմամբ, այսօր շատ կարեւոր է դաշինքի ստեղծումը թե’ իշխանության, թե’ ընդդիմության դաշտում: Միայն այդ դեպքում, ըստ նրա,  հնարավոր կլինի 51տոկոս հավաքել: Հակառակ դեպքում, Հայրիկյանի համոզմամբ, կկրկնվի 1998 թվականի Լեւոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրը:

Այնուհետեւ անդրադառնալով  ՀՀԿ-ԲՀԿ զարգացումներին, Հայրիկյանը նշեց, որ եթե նույնիսկ այդ ամենը խաղ է, այդ խաղից  քաղաքական դաշտում բավական հետաքրքիր տեղաշարժեր են սպասվում: