Միացյալ Նահանգների Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի անդամները դադարեցրել են հետախուզական տվյալներ փոխանակել Վաշինգտոնի հետ՝ Գրենլանդիայի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հավակնությունների և դաշինքի ներսում վստահության վատթարացման պատճառով, հաղորդում է բրիտանական I Paper պորտալը՝ հղում անելով արևմտյան հատուկ ծառայությունների աղբյուրներին։
«Գրենլանդիային միանալու Թրամփի առաջարկը պառակտում է առաջացնում ՆԱՏՕ-ի ներսում և պաշտոնյաներին ստիպում է հրաժարվել գաղտնի տեղեկություններ փոխանակել Միացյալ Նահանգների հետ»,- նշում է պարբերականը։
Ըստ աղբյուրների՝ եվրոպական երկրների հետախուզական մարմինների աշխատակիցները սկսել են «սահմանափակ շփում» իրենց ամերիկացի գործընկերների հետ՝ վախենալով, որ տեղեկվությունը կարող է հասնել Թրամփին և օգտագործվել կղզին ուժով գրավելու փորձի համար։
«Մենք նախկինում միասին գարեջուր էինք խմում և կողք կողքի աշխատում Իրաքում և Աֆղանստանում, մինչդեռ հիմա տարօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Դա կործանարար է, և ես երբեք չէի մտածի, որ նման բան կարող է տեղի ունենալ»,- ասել է զրուցակիցներից մեկը։
Բրիտանական աղբյուրը Սպիտակ տան և նրա դաշնակիցների միջև հարաբերությունների ներկայիս վատթարացումն «աննախադեպ» է որակել և նշել, որ Մեծ Բրիտանիան կորցրել է Միացյալ Նահանգների հետախուզական տվյալներ փոխանակելու հիմնական գործընկերոջ կարգավիճակը՝ Վաշինգտոնի աչքում դառնալով «սոսկ Եվրոպայի մի մասը»։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր փետրվարին մի քանի եվրոպական երկրների, դրանց թվում՝ Դանիայի և Նիդեռլանդների դեմ 10%-անոց մաքսատուրք սահմանելու մասին, որը մինչև Գրենլանդիայի հնարավոր գնման գործարքի ավարտը կարող է հասնել 25%-ի։
Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում, և Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե ակնկալում են, որ իրենց տարածքային ամբողջականությունը կհարգվի։





























