ՀՀ արտաքին անվտանգության ռիսկերը 2025 թվականի ընթացքում արդեն իսկ արձանագրվել է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին արտաքին միջամտությունների աճ։ Այս մասին ասված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակած Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկույցի «Հայաստանի հբրիդային սպառնալիքները 2026–ին» բաժնում։
Զեկույցում, մասնավորապես, ասվում է. «Նշված գործիքակազմը ներառում է ինչպես Հայաստանում գործող գործակալական ցանցի ու սատարվող ուժերի ակտիվացում, այնպես էլ՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում արտաքին ուժերի հետ կապված նոր քաղաքական ուժերի կուլտիվացման գործողություններ (քաղաքական ինժեներիա)։
Ներքին անկայունացման հիբրիդային գործողություններից են իբրև թե «տեղական» քաղաքական ակտիվության կուլտիվացիան, տարբեր եղանակներով դրա ֆինանսավորումը, ինչպես նաև տեղեկատվական աջակցությունն ու կազմակերպումը։
Իրականացվում են երիտասարդության և ակտիվիստական խմբերին թիրախավորող, վերջիններիս քաղաքական հայացքները, հայրենասիրական զգացմունքները շահագործող և մանիպուլացնող գործողություններ՝ հաջորդիվ նրանց արտաքին դերակատարների նպատակներին ծառայեցնելու նպատակով։
Հանրային դիվանագիտության, կրթական, սպորտային ու ճանաչողական միջոցառումների քողի տակ կազմակերպվում են գաղափարական պատրաստման և հավաքագրման գործողություններ, որոնց հետևանքով թիրախավորված խմբերը, հաճախ անգիտակցաբար, մաս են դառնում արտաքին միջամտության առավել լայն սխեմայի։
Արտաքին ուժերի կողմից նախընտրական շրջանում կուլտիվացվող ու օգտագործվող դերակատարների մասով առանձնահատուկ տեղ ունեն այլ պետության կառավարող շրջանակների հետ ուղղակի կամ անուղղակի կապված գործարարները, հոգևոր-մշակութային գործիչներն ու կազմակերպված հանցավոր տարրերը։ Այս դերակատարները կարող են ներգրավվել նախընտրական ու հետընտրական շրջաններում, ինչպես նաև բուն քվեարկության օրը հանրային անհնազանդության ակցիաների քողի ներքո սաբոտաժի գործողություններ կազմակերպելու համար։
Նման գործողությունների նպատակը Հայաստանի դիմադրողականության խարխլումն է, ժողովրդավարական կարգի ջլատումը՝ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ապալեգիտիմացումը կամ լեգիտիմության էական ստվերումը, հաջողվելու դեպքում նաև՝ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի շահերին դեմ գնացող ազդեցության համար ընկալունակ և «հարմար» իշխանության ձևավորումը։
Տնտեսական, էներգետիկ ճնշումներ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման ու արտահանման կառուցվածքն ու հիմնական ուղղությունները, 2025 թվականին նկատելի են եղել տարբեր դերակատարների կողմից հիմնական արտահանման ապրանքների մասով առերևույթ օբյեկտիվ, սակայն իրականում հատուկ հրահրվող ու կազմակերպվող խոչընդոտները (ներառյալ ոչ պետական դերակատարների ներգրավմամբ), որոնք դրսևորվել են ապրանքների խմբաքանակների առգրավումներից մինչև դրանք արտահանող ֆիզիկական անձանց դեմ քրեական գործերի հարուցումներով, արտահանմանը ներգրավված տեխնիկական անձնակազմի զանգվածային ձերբակալություններով, արտաքսումներով, ինչպես նաև այլ խոչընդոտներով։
Այս գործողությունների նպատակը գործարարությամբ զբաղվող ընտրողների շրջանում կառավարության քաղաքականությունից դժգոհություն գեներացնելը և հետևաբար նրանց ընտրությունն ուղղորդելն է։ 2025 թվականին արձանագրված այս միտումը, մեծ հավանականությամբ, կպահպանվի 2026 թվականին։
Էներգետիկ ճնշումները թեև քիչ հավանական, սակայն հիբրիդային գործողությունների արդյունավետ միջոց կարող են լինել, եթե Հայաստանի դեմ ճնշումը բարձրացնելու որոշում կայացվի։
Միգրացիոն կանոնների փոփոխությունները, դրանց ընտրողաբար կիրառումը հավանական է, որ Հայաստանի քաղաքացի միգրանտների նկատմամբ հիբրիդային գործիքակազմի մաս կկազմի։ Սա նույնպես կառավարությունից դժգոհության գեներացման ու ընտրողների քվեարկության վրա ազդելու նպատակ է հետապնդում։
Այլ ճնշումներ
Որպես ազդեցության գործողությունների մեկ այլ դրսևորում՝ 2026 թվականին կարող են շարունակվել Հայաստանի Հանրապետության կառավարության ու օրենսդիր մարմնի բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների թիրախավորումը, նրանց դեմ զրպարտչական նոր արշավների ձեռնարկումը։ Միաժամանակ կարող է իրականացվել թիրախավորող կողմի համար ցանկալի քաղաքական և այլ գործիչների կերպարի խթանում, առաջ մղում։
Այն փաստը, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է հեղինակավոր ու մեծամասշտաբ մի շարք միջոցառումներ, հավանական է դարձնում, որ հիբրիդային գործիքակազմ կիրառող դերակատարները կփորձեն օգտագործել նշված միջոցառումները՝ տարբեր վնասակար գործողություններով Հայաստանի՝ որպես մասշտաբային միջոցառումների կազմակերպչի միջազգային հեղինակությանը վնասելու համար»։




























