Մոսկվայի քաղաքային դատարանը վեց տարվա ազատազրկման է դատապարտել դպրոցական Սերժ Հարությունյանին, ում մեղավոր են ճանաչել չորս համադասարանցիների սպանության փորձի մեջ: Այդ մասին հաղորդում է rapsinews.ru-ն: Ժամկետը հաշվարկվելու է Հարությունյանի ձերբակալման օրվանից: Դատավճռի հրապարակումից հետո Հարությունյանի ներկայացուցիչը հայտնել է, որ պաշտպանները բողոքարկելու են դատավճիռը:

Բացի այդ, դատարանը բավարարել է քաղաքացիական հայցերը, բարոյական վնասի փոխհատուցման համար Հարությունյանից գանձելու են կես միլիոն ռուբլի, իսկ տուժածներին փոխհատուցելու համար` 7 միլիոն ռուբլի:

2011թ. ապրիլի 11-ին 9-րդ դասարանի աշակերտ Հարությունյանը վիճել է դասընկերուհու հետ եւ դանակով ծանր վիրավորել նրան ու երեք համադասարանցիների, որոնք եկել էին իր տուն` նշելու ընկերներից մեկի ծննդյան օրը: Չորս աշակերտներին տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք: Հարությունյանը դատարանում ընդունել էր իր մեղքը:

Ուլյանա Սելեզնյովան, ով դեպքի արդյունքում մնացել էր առանց աչքի, դատարանում ասել էր, թե Սերժ Հարությունյանն առանց պատճառի հարվածել է իր փորին եւ աչքին:

Հարությունյանը նախկինում էլ աչքի է ընկել ագրեսիվ վարքով, մի անգամ էլ հարձակվել ֆիզկուլտուրայի ուսուցչի եւ դպրոցի պահակի վրա: