Հայաստանի խորհրդարանն, այսօր` փետրվարի 9-ին կայացած նիստում, երրորդ ընթերցմամբ ընդունել է «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրինագիծը: Օրինագծին կողմ են քվեարկել 69 պատգամավորներ, դեմ` ոչ մեկը: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի նախաձեռնած օրինագծին կողմ են քվեարկել խորհրդարանական բոլոր ուժերը` նաեւ ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը»:

«Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի նախագիծը հեղինակել էին Գալուստ Սահակյանն ու Հովհաննես Սահակյանը:

Օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2013թ. հունվարի 1-ից, սահմանում է, որ թիկնապահների թիվը պետք է սահմանափակվի 3-ով, իսկ ուղեկցող մեքենաների թիվը` մեկով:

Քննարկման արդյունքում նախագծին միացել էին նաեւ դաշնակցական պատգամավորները:

Ի դեպ, մտավախություն կար, որ հատկապես օլիգարխ պատգամավորները դեմ կքվեարկեն օրինագծին, քանի որ հենց նրանք են օգտվում թիկնապահների ծառայություններից եւ սիրում են շրջել մեծ թիկնազորով, սակայն, ինչպես տեսնում եք, դեմ արտահայտվողներ չեն եղել: