Եվրամիության երկրները երկուշաբթի վերջնականապես հավանություն են տվել 2027 թվականից ռուսական գազի ներմուծման արգելքի միության որոշմանը, այն ուժի մեջ է մտել, գրել է Reuters-ը։

ԵՄ երկրների նախարարները երկուշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ հաստատել են օրենքը, որին դեմ են քվեարկել Սլովակիան եւ Հունգարիան: Հունգարիան հայտարարել է, որ կդիմի Եվրոպական դատարան:

Ինչպես հաղորդել է BBC-ն, դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ անդամ պետությունների առաջարկը՝ 2027թ․ նոյեմբերի 1-ից ամբողջությամբ արգելել Ռուսաստանից գազի գնումները:

Արգելքը նախատեսված էր երկրների մեծամասնության կողմից հաստատվելու համար՝ այդպիսով հաղթահարելով Հունգարիայի եւ Սլովակիայի դիմադրությունը, որոնք շարունակում են կախված մնալ ռուսական էներգակիրների ներմուծումից եւ ցանկանում են պահպանել սերտ կապերը Մոսկվայի հետ, նշել է Reuters-ը:

Ըստ համաձայնագրի՝ ԵՄ-ը կդադարեցնի ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը մինչեւ 2026թ․ վերջը, իսկ խողովակաշարային գազի ներմուծումը՝ մինչեւ 2027թ․ սեպտեմբերի 30-ը:

Օրենքը թույլ է տալիս այս ժամկետը երկարաձգել ոչ ուշ, քան 2027թ․ նոյեմբերի 1-ը, եթե երկիրը դժվարություններ ունի գազի պահեստարանները ոչ ռուսական պաշարներով լցնելու հարցում մինչեւ ձմեռային ջեռուցման սեզոնը:

Ուկրաինայում պատերազմից առաջ Ռուսաստանը մատակարարում էր ԵՄ գազի ավելի քան 40 տոկոսը: ԵՄ վերջին հասանելի տվյալների համաձայն՝ այդ բաժինը 2025թ․ նվազել է մինչեւ մոտ 13 տոկոս։