2025 թվականի ընթացքում արձանագրվել է լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, սպառնալիքների ու վիրավորանքի, օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումների 45 դեպք, որոնցից 33-ը՝ պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից։ Այս մասին ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2025 թվականի տարեկան զեկույցում։
Ըստ այդմ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս պաշտոնյային ոչ հարիր պահվածք են դրսևորել մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արսեն Թորոսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և այլք։
Լրագրողների և օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերի թիվը 15 է։ Դրանցից 7-ը իրականացվել է իրավապահների կողմից, 7-ը՝ իշխանության համակիր քաղաքացիների, 1 դեպքում կատարողն առայժմ անհայտ անձ է։
Թեև 2024-ի համեմատ դիտարկվող տարում նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները, այդուհանդերձ, առկա իրավիճակը դեռևս դժվար է բարվոք համարել։ Արձանագրվել է 101 այդպիսի խախտում։
Տարածված երևույթներ են մնում լրագրողների հարցումներին պետական մարմինների պատասխանների անհարկի ձգձգումը, տեղեկությունների տրամադրման անհիմն մերժումը, հարցերի էությանը չհամապատասխանող ձևական, ոչլիարժեք պատասխանները։
Մեդիա ոլորտը կարգավորող օրենսդրությունը դիտարկվող տարում հատվածական փոփոխությունների է ենթարկվել, սակայն այն ավելի խորը և համակարգված բարեփոխման և արդիականացման, միջազգային նորմերին համապատասխանեցնելու կարիք ունի։





























