Ազգային ժողովի պատգամավորները ոչ մի դեպքում չպետք է քվեարկեն իրենց բացակա գործընկերների փոխարեն: Այդ մասին փետրվարի 10-ին լրագրողների հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետական կուսակցությունից մի շարք պատգամավորներ քվեարկել են իրենց կուսակցական ընկերների փոխարեն, ովքեր այդ պահին գտնվել են միջանցքում:

«Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ պատգամավորները չքվեարկեն ուրիշների փոխարեն: Բայց քվորում դահլիճում, այդուհանդերձ, եղել է: Օրինակ, միջանցքում գտնվող Վարդան Այվազյանի փոխարեն քվեարկել է Արեգ Ղուկասյանը, սակայն դահլիճում եղել է 67 պատգամավոր եւ քվորումը ապահովված է եղել»,-ասել է Բալասանյանը:

ՀՀԿ-ական պատգամավորների արարքը քննադատության են ենթարկել նրանց ընդդիմադիր գործընկերները: Այդուհանդերձ, փոխխոսնակը հավելել է, որ անիմաստ է լարել իրադրությունը եւ ֆիկտիվ ձայները դարձնել երկար քննարկումների առարկա:

«Անհարմար է, երբ պատգամավորի փոխարեն ուրիշներն են քվեարկում, սակայն դա շոու է, այդ վեճերն էլ անիմաստ են: Ասում եմ դա որպես երեկվա խորհրդարանական նիստի վարող»,-նշել է Բալասանյանը: