Ըստ նախնական տվյալների` սիրիական խոշոր Հալեպ քաղաքի կենտրոնում այսօր տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով տուժածների մեջ հայեր չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: 

Ըստ նրա` պայթյունները տեղի են ունեցել ռազմական հետախուզության շենքի մոտ, որը հեռու է գտնվում բնակելի շրջաններից, սակայն, այնուամենայնիվ, խաղաղ բնակիչների շրջանում նույնպես տուժածներ կան: Բալայանը հայտնել է, որ տվյալ պատահարի հետեւանքով հնարավոր տուժածների մեջ Հայաստանի քաղաքացի կամ Սիրիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների մասին տեղեկությունը ճշտվում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սիրիական խոշոր Հալեպ քաղաքի կենտրոնում երկու պայթյուն է տեղի ունեցել: Ըստ սիրիական հեռուստատեսության հաղորդման` պայթյունի արդյունքում զոհվել եւ վնասվածքներ են ստացել իրավապահ մարմինների աշխատակիցներ եւ խաղաղ բնակիչներ: Իշխանությունները պայթյունների կազմակերպման մեջ մեղադրել են ահաբեկիչներին: