Մայամիում տղամարդը պատանդներ է վերցրել մի քանի անձի: Հատուկ նշանակության ուժերը ստիպված են եղել գրոհով վերցնել նրա տունը:
Պատանդների զավթումը տեղի է ունեցել երեկ` փետրվարի 9-ի երեկոյան, Դիրֆիլդ-Բիչ քաղաքում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ տղամարդը հրաձգություն է սկսել Հայլենդ-Վուդս քեմփինգի շարժական տներից մեկում:
Զինված անձը պատանդ է վերցրել 5 մարդու, այդ թվում` երկու երեխաների եւ երկու կանանց: Նրանցից մեկին նա տարել է իր հետ` ատրճանակը պահելով գլխին: Պատանդը հասցրել է զանգահարել դստերը եւ պատմել դեպքի մասին, սակայն դուստրը կարծել է, որ մայրը կատակում է: Մեկ ժամ անց հանցագործը պատանդին ազատ է արձակել անհայտ պատճառներով:
Հանցագործը մի տղամարդու գնդակահարել է հենց շարժական տան մուտքի մոտ, իսկ մյուս երեք պատանդների հետ փակվել ներսում:
Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանության շրջափակած տան մոտ են ժամանել շերիֆի գրասենյակի մեքենաները` զրահավահաններով:
Իրավապահները փորձել են բջջային հեռախոսով բանակցություններ վարել զինված չարագործի հետ, սակայն նա հրաժարվել է հանձնվել եւ շարունակել է սպառնալ: Գիշերը ժամը 1:30-ի սահմաններում ոստիկանական հատուկ ուժերը գրոհի են անցել, եւ այդ ժամանակ նա ինքնասպանէ եղել: Շարժական տան ներսում գտել են ծանր վիրավորված մի կնոջ ու փոքր երեխայի: Մյուս երեխային հանցագործը սպանել էր: Ոստիկանությունը դեպքի հանգամանքների հետաքննություն է անցկացնում, հաղորդում է NEWSru.com-ը:




























