Ադրբեջանում ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդ ակտիվիստներ Թողրուլ Իբրահիմին, Իսլամ Շըխալիին եւ Աղըլ Ալիին այսօր` փետրվարի 10-ին, ձերբակալել են Բաքվի ոստիկանության աշխատակիցները: Այդ մասին հաղորդում է Mediaforum.az կայքը:

Ադրբեջանի «Ժողճակատ» կուսակցության Երիտասարդական կոմիտեի անդամները ակցիա էին կազմակերպել Շատրվանների հրապարակում, որի շրջանակներում ցանկացել են գրքեր հավաքել երիտասարդ ակտիվիստ Էլնուր Մեջիդլիին ուղարկելու համար: Սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել երիտասարդներին իրականացնել նախաձեռնությունը եւ ձերբակալելով տեղափոխել են Բաքվի Սաբայիլի շրջանային ոստիկանության բաժանմունք:

Նշենք, որ Էլնուր Մեջիդլին անցյալ տարվա ապրիլի 2-ին Բաքվում տեղի ունեցած ցույցերի մասնակցելու համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Էլնուր Մեջիդլին եղել է BBC, AFP, IHA, ZDF գործակալությունների թղթակից, Եվրոպայի Խորհրդում հավատարմագրված լրագրող: Նա որոշ  ժամանակ համագործակցել է «Ազերբայջան», «Այնա», «Խալգ», «ԱզերՆյուզ» և այլ ադրբեջանական թերթերի հետ: Մեջիդլին 2010-ի նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում պատգամավորության թեկնածու է առաջադրվել թիվ 94 Բարդայի գյուղական ընտրական շրջանում, բայց նրան նույնիսկ չեն գրանցել: