ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ խնդրել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մինչեւ փետրվարի 1-ը չհարվածել Կիեւին, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իրոք, նախագահ Թրամփն անձնական խնդրանքով դիմել է նախագահ Պուտինին մեկ շաբաթ՝ մինչեւ փետրվարի 1-ը, չհարվածել Կիեւին՝ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»,  լրագրողներին ասել է նա։

Կրեմլի ներկայացուցչին հարցրել են, թե արդյոք փետրվարի 1-ը հատուկ ներառում է Թրամփի կողմից պահանջվող հրադադարի ժամկետը։

«Մինչեւ փետրվարի 1-ը»,- պատասխանել է Պեսկովը։

Նա ձեռնպահ է մնացել պատասխանել այն հարցերին, թե արդյոք Պուտինը համաձայնել է Թրամփի խնդրանքին, առաջարկը վերաբերում է բոլոր հարվածների դադարեցմանը, թե՞ միայն էներգետիկ օբյեկտներին։

«Ես արդեն ասվածին մանրամասն ավելացնելու բան չունեմ։ Ես կցանկանայի եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք խոսում ենք բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին»,- ասել է Պեսկովը։

Նախօրիեն Թրամփը հայտնել էր, որ անձամբ խնդրել է Պուտինին մեկ շաբաթով դադարեցնել Կիեւի ավիահարվածները՝ ուժեղ ցրտերի պատճառով։ «Եվ նա համաձայնել է։ Եվ կարող եմ ասել ձեզ, որ դա շատ հաճելի էր»,- կառավարության նիստում ասել է ԱՄՆ նախագահը։