Մոսկվան պահանջում է, որպեսզի պաշտոնական Բեռլինը հյուպատոսական հասանելիություն ապահովի Գերմանիայում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սուրեն Ավաջյանի համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում։

Սուրեն Ավաջյանը Գերմանիայում ձերբակալվել է այս տարվա հունվարի 21-ին։ Ձերբակալությունը կատարվել է մարդասիրական օգնության եւ այլ ապրանքների, այդ թվում՝ հագուստի եւ դեղորայքի Դոնբաս առաքման հետ կապված։

Գերմանիայի գլխավոր դատախազությունը պնդում է, որ Ռուսաստանի քաղաքացին մեղադրվում է «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններին» աջակցելու մեջ, որոնց թվին են դասել Գերմանիայի իշխանությունները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը (ԼԺՀ)։ Մոսկվան այս դասակարգումը համարում է անընդունելի եւ իրավաբանական ուժ չունեցող։

Ինչպես նշել է Մարիա Զախարովան, ռուսական կողմը պաշտոնական նոտաներ է ուղարկել՝ պահանջելով պարզաբանել, թե ով եւ ինչի հիման վրա է կայացրել այս որոշումը։ Բացի այդ, Մոսկվան պահանջել է անհապաղ հյուպատոսական հասանելիություն ապահովել ձերբակալվածի համար։

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ իրավիճակը գտնվում է ՌԴ իշխանությունների սեւեռուն ուշադրության տակ։