Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին եւ քննարկել հայ-քուվեյթական հարաբերությունները:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը  համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ բարեկամական հարաբերություններն առաջիկայում կշարունակվեն խորանալ եւ ընդլայնվել: «Երկու տարի առաջ դեսպանատուն բացելով Քուվեյթում՝ հայ-քուվեյթյան հարաբերությունները բարձրացան որակապես նոր մակարդակի: Մեր աշխատանքները պետք է բացահայտեն այն խնդիրները, թե որոնք են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը: Քուվեյթը կապիտալ արտահանող երկիր է եւ այդ առումով մենք պետք է կարողանանք առաջարկել հետաքրքիր ներդրումային ծրագրեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դեսպանը նշել է, որ իր երկրի կառավարությունը եւս շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները՝ տարբեր ուղղություններով:

Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Քուվեյթի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումը՝ համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհով: Այդ համատեքստում, կողմերը քննարկել են Հայաստանում Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ 400 կմ երկարությամբ երկաթգծի կառուցման ծրագրերում քուվեյթյան կողմի հնարավոր մասնակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը եւ երկու երկրների միջեւ ավիաչվերթերի հնարավոր իրականացմանը:  

Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները եւ կառավարության ղեկավարին հրավիրել մասնակցելու իր երկրի անկախության տոնին նվիրված միջոցառումներին: