Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ի դեմս փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի, արեւմտյան երկրներին մեղադրել է սիրիական ընդդիմությանը անզիջում գործողությունների դիմելու հրահրելու մեջ:

Ռյաբկովը հայտարարել է, որ Սիրիայում տեղի ունեցող դեպքերի պատասխանատվությունը «նրանց ուսերին է, ովքեր, ընդդիմության վրա ազդելու լծակներ ունենալով, չեն կարողանում սանձել նրան եւ պահանջել, որպեսզի այն ընդունի սիրիական կառավարության առաջարկը եւ իրական երկխոսություն սկսի»: Նրա խոսքով` արեւմտյան պետությունները, ինչպես նաեւ նրանք, ովքեր ընդդիմությանը զենք են մատակարարում, խորհուրդներ եւ հրահանգներ տալիս, ճգնաժամի խորացման մասնակիցներ են:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում բանակցություններ կազմակերպել Սիրիայի իշխանությունների եւ ընդդիմության միջեւ, բայց ընդդիմադիրները հրաժարվել են այդ առաջարկից:

 «Մենք բոլոր հնարավոր ջանքերը գործադրում ենք, որպեսզի խուսափենք վատագույնից», -ասել է Ռյաբկովը:

Ռյաբկովի հայտարարությունները կապված են արեւմտյան երկրների կողմից հնչող քննադատության հետ, որոնք Ռուսաստանին մեղադրում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Սիրիայի նկատմամբ ընդունած բանաձեւը արգելափակելու համար: Ռուսաստանն ավելի վաղ բանաձեւն արգելափակելը մեկնաբանել է նրանով, որ այն թույլ է տալիս Սիրիայի գործերին օտարերկրյա միջամտությունը, իսկ դա, ըստ Ռուսաստանի, անթույլատրելի է, գրում է Lenta.ru-ն: