Ռուսաստանի Լենինգրադի մարզի Գաչինայի քաղաքային դատարանը Բ.Պ. Կոնստանտինովի անվան Սանկտ Պետերբուրգի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի նախկին աշխատակից Դմիտրի Բոգմուտին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեղադրանքով: Դատավճռի մասին հայտնել է մարզային դատախազությունը, գրում է Gazeta.ru-ն:

51-ամյա տղամարդը դատապարտվել է Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ հրապարակայնորեն տարածելու համար: Դատարանը նրան դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում և չորս տարով արգելել է առցանց հրապարակումներ անել:

Քննությունը պարզել է, որ 2023 թվականի մարտից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Բոգմուտն առցանց հրապարակել է տեքստեր, տեսանյութեր և պատկերներ, որոնք կեղծ տեղեկություններ են պարունակում հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին: Նյութերից մեկում, ենթադրաբար, հաղորդվել է Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ շրջանի վրա հրթիռային հարվածի մասին, ինչն, ըստ փորձագիտական ​​​​վերլուծության, չի համապատասխանում իրականությանը:

Բոգմուտի ձերբակալության մասին հայտնի դարձավ 2024 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ նա Կուրչատովի ինստիտուտի ազգային հետազոտական ​​կենտրոնի մաս կազմող Պետերբուրգի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի նեյտրոնային հետազոտությունների լաբորատորիայի տեխնիկն էր։