Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքները վերականգնվել են եւ այժմ չվերթներն իրականացվում են ըստ չվացուցակի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Նրա խոսքով` առաջինն իրականացվել է «Աերոֆլոտ» ավիաընկերության դեպի Մոսկվա չվերթը ժամը 15.45-ին: Գյումրիի օդանավակայանից եւս իրականացվում են չվերթներ: «Տեսանելիությունը նորմալ է, այս պահին ուշացումներ չկան: Եթե ձյան ինտենսիվությունը չուժեղանա, նորմալ, բնականոն նախատեսված ձեւով չվերթները կիրականացվեն»,- ասաց Նելլի Չերչինյանը:

Նշենք, որ առատ ձյունը դադարեցրել էր Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի աշխատանքը: Փետրվարի 10-ի առավոտից հետաձգվել են բոլոր չվերթներն ու վայրէջքները: Գյումրիի պահեստային օդանավակայանը եւս փակ էր: Հայտնի է, որ փակ են նաեւ Թբիլիսիի եւ Բաքվի օդանավակայանները: