Դանիացի հարյուրավոր վետերաններ, որոնցից շատերը կռվել են ամերիկացիների հետ կողք կողքի, շաբաթ օրը լուռ բողոքի ակցիա են կազմակերպել Կոպենհագենում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ ի պատասխան Դոնալդ Թրամփի վարչակազմի Գրենլանդիան բռնակցելու սպառնալիքների եւ իրենց մարտական ավանդը նսեմացնելու փորձի, տեղեկացրել է Associated Press-ը։
«Դանիան միշտ կանգնած է եղել ԱՄՆ-ի կողքին, մենք հայտնվել ենք աշխարհի ճգնաժամային գոտիներում, երբ Միացյալ Նահանգները մեզ խնդրել է դա անել։ Մենք մեզ հիասթափված եւ ծաղրված ենք զգում Թրամփի վարչակազմի կողմից, որը դիտավորյալ անտեսում է Դանիայի մասնակցությունը Միացյալ Նահանգների հետ մարտական գործողություններին»,- նշվել է դանիացի վետերանների եւ վետերանների աջակցության կազմակերպության հայտարարության մեջ։
«Բառերով հնարավոր չէ նկարագրել, թե որքան ցավալի է մեզ համար, որ Սպիտակ տունը մոռանում է Դանիայի ներդրումն ու զոհողությունները ժողովրդավարության, խաղաղության եւ ազատության համար պայքարում»,- նշվել է հայտարարության մեջ։
Վետերանները նախ հավաքվել են զոհված դանիացի զինծառայողների հուշարձանի մոտ, ապա սկսել են երթ դեպի ԱՄՆ դեսպանատուն, որտեղ մեկ րոպե լռությամբ հարգել են Դանիայի բանակի, ռազմաօդային ուժերի, նավատորմի, արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության եւ ոստիկանության զոհերի հիշատակը։
Դանիացի վետերանները վրդովված են, որ Սպիտակ տան հռետորաբանությունն անտեսում է Գրենլանդիայի ինքնորոշման իրավունքը, որը ՆԱՏՕ դաշնակից երկրի՝ Դանիայի տարածքն է: Նրանք նաեւ կտրականապես դեմ են Թրամփի այն հայտարարությանը, որ Դանիան ի վիճակի չէ պաշտպանել Արեւմուտքի անվտանգության շահերը Արկտիկայում:
Քառասունչորս դանիացի զինվոր է զոհվել Աֆղանստանում, ինչը կոալիցիոն ուժերի շրջանում մեկ շնչի հաշվով մահացության ամենաբարձր ցուցանիշն է: Եվս ութը զոհվել է Իրաքում: Լարվածությունն ավելի է սրվել երեքշաբթի, երբ դեսպանատան աշխատակիցները հանել են դեսպանատան առջեւ տեղադրված 44 դանիական դրոշներ, ամեն մեկը՝ Աֆղանստանում զոհված յուրաքանչյուր դանիացի զինվորի համար:
Պետդեպարտամենտն ավելի ուշ հայտնել էր, որ անվտանգության աշխատակիցները, որպես կանոն, հեռացնում են ցույցերից եւ «խոսքի ազատության այլ օրինական դրսեւորումներից» հետո թողնված իրերը: Դրոշները վերադարձվել են նրանց, ովքեր դրանք թողել են, նշվել է հաղորդագրության մեջ:





























