Իրաքի շիա քաղաքական բլոկների դաշինքը՝ Համակարգող կենտրոնը, շաբաթ օրը հաստատել է իր աջակցությունը նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի թեկնածությանը հաջորդ կառավարության ղեկավարի պաշտոնում՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացմանը, որ Վաշինգտոնը այլևս չի օգնի Իրաքին, եթե ալ-Մալիքին վերադառնա իշխանության, հայտնում է Reuters-ը։

Խորհրդարանում մեծամասնություն ունեցող բլոկը ընտրություններից հետո առաջադրել է ալ-Մալիքիին՝ որպես թեկնածու այդ պաշտոնի համար։ Նա եղել է Իրաքի առաջին ընտրված վարչապետը Սադամ Հուսեյնի տապալումից հետո՝ 2003 թվականին ԱՄՆ ներխուժման արդյունքում։

«Վարչապետի ընտրությունը բացառապես Իրաքի սահմանադրական հարցն է և պետք է իրականացվի առանց օտարերկրյա միջամտության», – նշված է Համակարգող կենտրոնի հայտարարությունում։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ երկիրը ձգտում է հավասարակշռված հարաբերությունների միջազգային գործընկերների հետ՝ փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի հիման վրա։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այլևս չի օգնի Իրաքին, եթե վարչապետ ընտրվի Նուրի ալ-Մալիքին։

«Ես լսել եմ, որ Մեծ երկիր Իրաքը կարող է շատ վատ ընտրություն կատարել՝ կրկին նշանակելով Նուրի ալ-Մալիքիին վարչապետ։ Վերջին անգամ, երբ Մալիքին իշխանության էր, երկիրը ընկղմվեց աղքատության և լիակատար քաոսի մեջ։ Չի կարելի թույլ տալ, որ դա կրկնվի։ Նրա խելահեղ քաղաքականության և գաղափարախոսությոան պատճառով, եթե նա ընտրվի, Ամերիկայի Միացյալ Նահանգներն այլևս չի օգնի Իրաքին, իսկ եթե մենք չօգնենք, Իրաքը հաջողության, բարգավաճման կամ ազատության որևէ հնարավորություն չի ունենա։ ԻՐԱՔԸ ԿՐԿԻՆ ՄԵԾ ԴԱՐՁՐԵՔ», – նշել է ԱՄՆ նախագահը։