Իսրայելը կիրակի օրը հայտարարել է, որ դադարեցնում է «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) միջազգային բարեգործական կազմակերպության հումանիտար գործունեությունը Գազայում՝ նշելով, որ կազմակերպությունը չի ներկայացրել իր պաղեստինցի աշխատակիցների ցուցակը, հայտնում է AFP-ն։

«Սփյուռքի գործերի և հակասեմիտիզմի դեմ պայքարի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Գազայի հատվածում «Բժիշկներ առանց սահմանների» (MSF) կազմակերպության գործունեությունը դադարեցնելու համար», – ասվում է նախարարության հաղորդագրությունում։

Այս որոշումը հետևել է «MSF-ի կողմից տեղական աշխատակիցների ցուցակների չներկայացմանը, ինչը պահանջ է, որը կիրառվում է տարածաշրջանում գործող բոլոր հումանիտար կազմակերպությունների նկատմամբ», – հավելել են նախարարությունում՝ նշելով, որ կազմակերպությունը կդադարեցնի իր աշխատանքը և կհեռանա Գազայից մինչև փետրվարի 28-ը։

Դեկտեմբերին նախարարությունը հայտարարել էր, որ մարտի 1-ից արգելելու է 37 հումանիտար կազմակերպությունների, ներառյալ MSF-ի, գործունեությունը Գազայում՝ իրենց պաղեստինցի աշխատակիցների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն չներկայացնելու պատճառով։
Հայտարարությունում պնդվում էր, որ MSF-ի երկու աշխատակիցներ կապեր են ունեցել պաղեստինյան զինված խմբավորումների՝ ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» հետ, ինչը բժշկական բարեգործական կազմակերպությունը կտրականապես հերքում է։ Կիրակի օրը նախարարությունը հայտնել էր, որ հունվարի սկզբին MSF-ը պարտավորվել էր ներկայացնել աշխատակիցների ցուցակը՝ ինչպես պահանջում են իսրայելական իշխանությունները։

«Չնայած իր հրապարակային պարտավորություններին, կազմակերպությունը հրաժարվել է ցուցակները փոխանցելուց, – նշել են նախարարությունում։ – Հետագայում MSF-ը հայտարարել է, որ ընդհանրապես մտադիր չէ շարունակել գրանցման գործընթացը, ինչը հակասում է նրա նախորդ հայտարարություններին և պարտադիր արձանագրությանը։ Ըստ կանոնների, MSF-ը կդադարեցնի իր գործունեությունը և կհեռանա Գազայի հատվածից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը»։

Ուրբաթ օրն իր կայքում տեղադրված հայտարարության մեջ MSF-ը ընդունել էր, որ «բացառության» կարգով համաձայնել է իսրայելական իշխանություններին տրամադրել իր պաղեստինցի և միջազգային աշխատակիցների անունների ցուցակը։

«Սակայն, չնայած բազմակի փորձերին, պարզ դարձավ, որ մենք չկարողացանք համագործակցություն հաստատել իսրայելական իշխանությունների հետ՝ պահանջվող կոնկրետ երաշխիքների հիման վրա։ Դրանք ներառում էին այն, որ աշխատակիցների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն կօգտագործվի միայն հայտարարված վարչական նպատակներով և չի վտանգի մեր գործընկերներին», – նշել է բարեգործական կազմակերպությունը։

MSF-ը հայտարարել է, որ այդ հարցում որևէ երաշխիք չի ստացել, ուստի «հանգել է այն եզրակացության, որ ներկայիս պայմաններում մենք չենք ներկայացնի անձնակազմի վերաբերյալ տեղեկատվությունը»։