Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Pink TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ սպասում է ԱՄՆ-ի հարձակմանը Իրանի վրա առաջիկա 48 ժամվա ընթացքում։

Սերբիայի նախագահը սպասվող հարձակումը կապել է ամերիկացի ֆինանսիստ, սեռական հանցագործությունների մեջ մեղադրվող Ջեֆրի Էփշտեյնի դոսյեի հրապարակման հետ։

«Երբ ի հայտ է գալիս նման անհեթեթություն, ինչպես դա եղավ Մոնիկա Լևինսկու դեպքում, ապա ինչ-որ մեկին սկսում են ռմբակոծել։ Կարծում եմ՝ նրանք արագացնելու են որոշումների ընդունումը, ես գրեթե վստահ եմ», ասել է Վուչիչը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն իր ռազմածովային ուժերը ուղարկել է Իրանի ուղղությամբ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի կողմն է շարժվում «մեծ նավատորմ»։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնի ծրագիրը Թեհրանի հետ բանակցություններ վարելն է։

Իրանի մայրաքաղաքում էլ հայտնել են, որ պատրաստվում են բանակցություններին։

Օրերս ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է միլիոնավոր փաստաթղթեր Էփշտեյնի գործով։ Զոհերի ցուցմունքներում հիշատակվում են բազմաթիվ քաղաքական գործիչներ և գործարարներ, այդ թվում՝ հենց ԱՄՆ նախագահը, որը, ըստ մամուլի հաշվարկների, դոսյեում հիշատակվում է շուրջ 3000 անգամ։

Ավելին, փաստաթղթում առկա է մեղադրանք Թրամփի հասցեին՝ 13-ամյա աղջկա բռնաբարության վերաբերյալ։