Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև խաղաղ կարգավորման հարցով հանդիպումը, որը նախատեսված է եղել փետրվարի 1-2-ին՝ կկայանա փետրվարի 4-5-ին, հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:

Ամսաթվի տեղափոխումը տեղի է ունեցել «երեք կողմերի գրաֆիկների լրացուցիչ համապատասխանեցման» անհրաժեշտության պատճառով, ասել է նա:

Դրանից քիչ առաջ նույն ամսաթվերն է նշել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Հանդիպումը տեղափոխվել է, ենթադրաբար, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։ Երկրորդ փուլի նախաշեմին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձեռնպահ մնալ Կիևի և մարզի էներգետիկ օբյեկտներին նոր հարվածներ հասցնելուց մինչև փետրվարի 1-ը՝ սաստիկ ցրտերի և ռուսական նախորդ զանգվածային հարձակումների հետևանքների ֆոնին։

Կրեմլի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե արդյոք էներգետիկայի ուղղությամբ հարվածների մորատորիումը երկարաձգվում է մինչև բանակցությունների նոր փուլի սկիզբը։