Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գրել է, որ խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում ուկրաինական պատվիրակության աշխատանքը կվերանայվի՝ փետրվարի 3-ի գիշերը ուկրաինական էներգետիկ համակարգին Ռուսաստանի հասցրած հարվածի պատճառով։

«Ռուսաստանի յուրաքանչյուր նման հարված հաստատում է, որ Մոսկվայի վերաբերմունքը չի փոխվել. նրանք նախկինի պես հույսը դնում են պատերազմի ու Ուկրաինայի ոչնչացման վրա և լրջորեն չեն ընդունում դիվանագիտությունը։ Մեր բանակցային թիմի աշխատանքը համապատասխանաբար կվերանայվի», - ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ ինքը Կիևում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ կքննարկի Ուկրաինային տրամադրվող աջակցության լրացուցիչ փաթեթները։

Ուկրաինա-ռուսական բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է անցկացնել Աբու Դաբիում՝ փետրվարի 4-5-ին։

Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների եռակողմ հանդիպման նախաշեմին Մոսկվան համաձայնել է ժամանակավորապես՝ մինչև փետրվարի 1-ը, դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքների վրա հրավածները։ Բանակցությունները փետրվարի 4-5-ը տեղափոխելուց հետո զինադադարի շարունակման մասին Կրեմլը պաշտոնապես չի հայտնել։