Պրահայի օդանավակայանի աշխատակիցները ձերբակալել են հայտնի կոլեկցիոներ Յան Տրժեշտիկին, որը փորձել է երկրից հանել Պիկասոյի «Նստած կինը» կտավը: Թեեւ կոլեկցիոները մաքսայինի աշխատակիցներին ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, նրանք կասկածել են, որ նկարը վաճառքի նպատակով է հանվում երկրից:
Դեպքի վայր են կանչվել Պրահայի ազգային թանգարանի փորձագետ-արվեստաբանները, որոնք հայտնել են, որ այս տարի մասնավոր անձը, որին պատկանում է Պիկասոյի այդ գլուխգործոցը, առաջարկել է այն վաճառել Չեխիայի հանրապետությանը, սակայն մշակույթի նախարարությունը բավարար միջոցներ չի ունեցել 100 մլն կրոն (գրեթե 5 մլն դոլար) գնահատված նկարը գնելու համար:
Հենց այս փաստերի հիման վրա ոստիկանությունում լուրջ կասկածներ են ծագել, որ Յան Տրժեշտիկը փորձել է կտավը Շվեյցարիա տանել այնտեղ վաճառելու համար: Արվեստաբանն ինքը կտրականապես հերքում է մեղադրանքը` ասելով, որ կտավը Ցյուրիխ էր տանում գեղանկարիչ-կուբիստների ցուցահանդեսին ներկայացնելու համար:
Գործը տեղափոխել են դատարան: Դատավորը պետք է որոշեր, թե կարելի է արդյոք կոլեկցիոների արարքը որակել որպես «ազգային պատկանելությանն» առնչվող արվեստի առարկաները երկրից դուրս բերելու փորձ: Ծանոթանալով գործի բոլոր համգամանքներին եւ երկու կողմերի վարկածներին` դատավորը ընդմիջում է վերցրել մինչեւ հաջորդ շաբաթ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Յան Տրժեշտիկի մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է երկու տարվա ազատազրկում:




























