«Ֆլայ Դուբայ» ավիաընկերությանը պատկանող, Դուբայ-Երեւան չվերթն իրականացնող օդանավի անձնակազմը, որը որոշել էր վայրէջք կատարել Իրաքի Էրբիլ քաղաքի օդանավակայանում` Հայաստանում վատ եղանակային պայմանների պատճառով, հետ է վերադարձել Դուբայ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության տնօրեն Վաչագան Սարգսյանը:
«Օդանավն Իրաքի Էրբիլ քաղաքում տեղխնիկական վայրեջք էր կատարել, որպեսզի վառելիքի լիցքավորում իրականացնի եւ սպասի եղանակի բարելավմանը: Բայց այն պահին, երբ արդեն վերջնական հարցումը եղել էր եւ հաստատվել, որ Երեւանում եղանակային պայմանները բավարար չեն անվտանգության տեսակետից, որոշում կայացվեց օդանավը հետ տանել Դուբայ»,- տեղեկացրեց Վաչագան Սարգսյանը եւ ավելացրեց, որ այսօր ժամը 5-ի սահմաններում ինքնաթիռը ուղեւորներով արդեն Դուբայում էր:
Նա հավատացրեց, որ ավիաընկերությունն այնտեղ ուղեւորների հարցերով զբաղվում է եւ յուրաքանչյուր 4 ժամը մեկ տրամադրվում է սնունդ եւ տեղեկատվություն: Այսինքն` ավիաընկերության աշխատողներն աշխատում են ուղեւորների հետ կապված ցանկացած խնդիր լուծելու համար:
Ինչ վերաբերում է դեպի Երեւան թռիչքին, Սարգսյանն ասաց. «Ավիաընկերության անվտանգությունից եւ թռիչքային վարքից ելնելով վերադարձի ժամն արդեն նշված է. երեկոյան 19.35-ին ինքնաթիռն արդեն վայրեջք կկատարի Երեւանում, իսկ ժամը 20.20-ին էլ կմեկնի Երեւանից»:
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը տեղեկացրել էր, որ «Ֆլայ Դուբայ» ավիաընկերությանը պատկանող, Դուբայ-Երեւան չվերթն իրականացնող օդանավի անձնակազմը որոշել էր վայրէջք կատարել Իրաքի Էրբիլ քաղաքի օդանավակայանում` Հայաստանում վատ եղանակային պայմանների պատճառով: Նա նշել էր, որ օդանավի անձնակազմը նման որոշում էր կայացրել նախքան թռիչքի մեկնարկը:
Չերչինյանը դժվարացել էր ասել, թե օդանավը կոնկրետ, երբ վայրէջք կկատարի կամ գուցե արդեն կատարել է եւ որտեղ են գիշերելու ուղեւորները, միաժամանակ նկատելով, որ ներկա պահին «Զվարթնոց» օդանավակայանը գործում է եւ այնտեղ անընդհատ թռիչքուղին ձյունից մաքրելու աշխատանքներ են իրականացվում:
Հարկ է նկատել, արդեն մի քանի օր է, որ Հայաստանի եւ մասնավորապես Երեւանի տարածքում ձյուն է տեղում, որը շարունակվել է մինչեւ փետրվարի 11-ի գիշերը: Ավելի վաղ «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցրել էր թռիչքները` կապված եղանակային պայմանների հետ, սակայն հետագայում օդանավակայանի աշխատանքը վերականգնվեց:




























