Սովորական «գազային պատերազմը» Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ փոխարինվել է  «պանրայինով». Ռուսաստանն էմբարգո է կիրառել Ուկրաինայի պանիր արտադրող երեք ընկերությունների նկատմամբ: 

Փաստաթղթեր են ստորագրվել, որոնց համաձայն արգելվել է այդ արտադրողների կողմից պանրի ներմուծումը Ռուսաստան: Դրանք ուղարկվել են Դաշնային հարկային ծառայություն եւ Ռուսաստանի սպառողների իրավունքների վերահսկման տարածքային վարչություն: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:

Ռուսաստանը  փետրվարի 7-ին արգելել է Ուկրաինայից պանրի ներկրումը: Ավելի վաղ Ռուսաստանի սպառողների իրավունքների վերահսկման վարչությունը հայտարարել էր Ուկրաինայից Ռուսաստանի շուկա ներկրվող կաթնամթերքի որակի վատացման մասին: 
Օնիշչենկոյի խոսքով, համաձայն ռուսական չափանիշների` նման արտադրանքը չպետք է պանիր կոչվի, այլ «պանրարտադրանք», հայտնում է «Արգումենտի ի ֆակտին»:

Մինչդեռ Ոկրաինայում նման որոշումն արդեն որպես քաղաքական են որակել եւ ակնարկել են, որ ուկրաինական «պանրից գազի հոտ է գալիս»:

«Ունիանը» գրում է, որ ուկրաինական փորձագետները իրավիճակը միաձայն հերթական «պանրային ճնշում» են անվանել, որի հետ ուկրաինական արտադրանքի որակը ոչ մի կապ չունի: Դրա նպատակը գազատեղափոխման հարցում Ուկրաինայից  «ավելի մեծ զիջումների» հասնելն է: 

Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն այդ արգելքն անվանել է «ռուսական ընկերությունների ծուղակ, որոնք ՌԴ-ի կառավարությունում քարոզում են ուկրաինական արտադրանքի սահմանափակումների մասին»:

Ուկրաինացիների վստահությունն ամրապնդվել է նրանից, որ Օնիշչենկոն որոշել է դադարեցնել մինչ այդ  ձեռք բերված համաձայնությունը` ելնելով Ուկրաինայի ԱԳՆ-ի ղեկավարի այն հայտարարությունից, որ ռուսական շուկայում ուկրաինական պանրի անհայտացումից կտուժի ռուս սպառողը: «Գեննադի Օնիշչենկոյի վերջին հայտարարությունները միայն ավելի են ուժեղացնում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ծագած այսպես կոչված պանրային խնդրի քաղաքական ենթատեքստը», – մեջբերում է «Ինտերֆաքսը»  Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Օլեգ Վոլոշինի խոսքերը:

Ըստ նրա` հասկանալի չէ, թե ինչպես կարող են արտգործնախարար Կոնստանտին Գրիշենկոյի հայտարարությունները, որը նա պարտավոր է անել իր պարտականություններից ելնելով, ազդել ուկրաինական պանրի որակի վրա: