Բանակցություններին ծանոթ երեք աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը մոտ են համաձայնության՝ շարունակելու պահպանել ժամկետանց զենքի վերահսկման նոր START պայմանագիրը (ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիր) հինգշաբթի դրա ժամկետը լրանալուց հետո, հաղորդում է Axios-ը։

Երկու աղբյուրներ պարզաբանել են, որ նախագծի ծրագիրը դեռևս պահանջում է երկու նախագահների հաստատումը։

Նախագահ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքկոֆը և Ջարեդ Քուշները Նոր START բանակցություններ են վարել ռուսաստանցի պաշտոնյաների հետ Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունների շրջանակում։

«Մենք համաձայնեցինք Ռուսաստանի հետ գործել բարի կամքով և սկսել քննարկել համակարգն արդիականացնելու ուղիները»,- հայտնել է ամերիկացի պաշտոնյան։

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ գործնականում երկու կողմերը կհամաձայնեն պահպանել համաձայնագրի պայմանները առնվազն վեց ամիս, որի ընթացքում բանակցություններ կանցկացվեն հնարավոր նոր համաձայնագրի շուրջ։

Հիմնական պատճառը, որ Սպիտակ տունը թերահավատորեն էր վերաբերում «Նոր START» պայմանագրի երկարաձգմանը, այն էր, որ դա չի սահմանափակում շատ ավելի փոքր, սակայն արագ զարգացող զինանոց ունեցող Չինաստանի հնարավորությունները։

«Ակնհայտ է, որ նախագահը նախկինում էլ հստակ ասել է, որ 21-րդ դարում իրական զենքի վերահսկողության հասնելը պահանջում է Չինաստանի ներգրավվածությունը՝ իր հսկայական և արագ աճող պաշարների պատճառով»,- նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

 «Նոր START» պայմանագիրը երկու երկրների միջուկային զինանոցների վերջին խոշոր սահմանափակումն է, որոնք միասին տիրապետում են աշխարհի մարտագլխիկների մոտավորապես 85%-ին։