Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ «դարավոր բարեկամության ավանդույթների» ամրապնդմամբ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Նա ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության բնական ռազմավարական գործընկեր է, հաղորդում է  «Парламентская газета»-ն։

«Մենք շահագրգռված ենք բարեկամության դարավոր ավանդույթների ամրապնդմամբ։ Դա համապատասխանում է մեր ժողովուրդների և պետությունների շահերին և զգալի ներդրում է կատարում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցման գործում»,- շեշտել է Մատվիենկոն։

Ըստ նրա՝ երկու երկրների խորհրդարանականները մշտական ​​կապի մեջ են, և փոխգործակցությանն ուղղություն են տալիս են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանն արդյունավետորեն հաստատում է իր կարգավիճակը՝ որպես Հայաստանի համար հուսալի առևտրային, տնտեսական և ներդրումային գործընկեր։ Նա առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել վիճելի հարցերի լուծման գործում խորհրդարանների դերի վրա։

Իր հերթին, Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի Ազգային ժողովը շահագրգռված է երկխոսությամբ և երկարաժամկետ հեռանկարում բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմամբ։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև «առկախ» հարցերի լուծման առաջընթացը, ներառյալ՝ միջտարածաշրջանային և միջհամայնքային համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի նախագծերը։ Քննարկվել են նաև հումանիտար կապերի, մշակութային և կրթական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները։ Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների։