Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսել է այն օգուտների մասին, որոնք հանրապետությունն ստանում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից։ Միաժամանակ, դեսպանը կասկածել է, թե Եվրամիությունը կարող է երկրի համար երաշխավորել տնտեսական զարգացման նույնպիսի որակ։
«Այն տարիների ընթացքում, երբ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ լիիրավ անդամ, նրա ՀՆԱ ծավալն ավելացել է 2,5 անգամ։ Անցած տարվա 10 ամիսներին, վիճակագրության համաձայն, հայկական արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 6,4 մլրդ դոլար, որից 2,6 մլրդ-ն՝ ԵԱՏՄ երկրներ, եւ առաջին հերթին Ռուսաստան։ Ռուսաստանին բաժին է ընկնում հանրապետության արտահանման 37 տոկոսը։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ակնհայտ են, կարո՞ղ է արդյոք ԵՄ-ը երաշխավորել տնտեսական եւ սոցիալական զարգացման նախկին որակը՝ մեծ հարց է»,- ասել է դիվանագետը «Россия-24»-ի հարցազրույցում։





























