Մոսկվայում, Վոլոկոլամսկի խճուղու բնակելի տանը, տղամարդը մի քանի անգամ կրակել է ՌԴ ՊՆ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեեւի ուղղությամբ, նա հոսպիտալացվել է։ Այս մասին տեղեկացրել են ՌԴ Քննչական կոմիտեում։
ՔԿ տվյալներով՝ փետրվարի 6-ին «առայժմ անհայտ անձը մի քանի կրակոցներ է արձակել տղամարդու ուղղությամբ եւ դիմել է փախուստի դեպքի վայրից»։ Գեներալը հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, նրա վիճակի մասին պաշտոնապես չի հաղորդվում։ RT աղբյուրը իրավապահ մարմիններում տեղեկացրել է, որ գեներալը ծանր վիճակում է։ Ուժայիններին մոտ կանգնած Mash եւ «Բազա» թելեգրամ ալիքները հավաստիացնում են, որ գեներալին կրակել են թիկունքից։
Հարուցվել է քրեական գործ մահափորձի եւ հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։
Վլադիմիր Ալեքսեեւը ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր վարչության (նախկին ՀԳՎ) պետի առաջին տեղակալն է։
Վլադիմիր Ալեքսեեւը ծնվել է Վիննիցայի մարզում, զբաղեցնում է ՀԳՎ պետի առաջին տեղակալի պաշտոնը 2011 թվականից։ Լրատվամիջոցները նրան համարում են Ուկրաինայում պատերազմին մասնակցող ռուսական բոլոր «կամավորական» կազմավորումների գլխավոր ուղղորդողներից մեկը։ 2023թ․ հունիսին Ալեքսեեւը ՌԴ պաշտպանության փոխնախարար Յունուս-Բեկ Եվկուրովի հետ միասին մասնակցել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ բանակցություններին վարձկանների խռովության ժամանակ։
2016թ․ դեկտեմբերին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է մտցրել Ալեքսեեւի դեմ կիբեռգրոհների հետ կապված, որոնց նպատակն էր ազդեցությունը ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա։ 2019թ․ ՀԳՎ պետի տեղակալը հայտնվել է Եվրամիության պատժամիջոցների տակ՝ կապված Սկրիպալների թունավորման հետ Սոլսբերիում։
Ուկրաինայի ՊՆ Հետախուզության գլխավոր վարչությունը կարծում է, որ Ալեքսեեւը պատասխանատու է նաեւ «ուկրաինական տարածքին հրթիռային-ավիացիոն հարվածներ հասցնելու ելակետային տվյալների պատրաստման կազմակերպման եւ «օկուպացված տարածքներում ռուսական ներկայության լեգալացման համար՝ այսպես կոչված հանրաքվեների միջոցով»։




























