Առեւտուրը եւ ներդրումները շարունակում են մնալ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների կարեւոր տարրը։ Այս մասին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «России-24»-ի հարցազրույցում։

«Մնում է շատ կարեւոր տնտեսական բաղադրիչը մեր հարաբերություններում։ Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առեւտրատնտեսական եւ ներդրումային գործընկերը։ Ռուսական մասնակցությամբ ընկերությունները շատ մեծ, ես կասեի՝ կապ ստեղծող դեր են խաղում հայկական տնտեսությունում, մտնում են Հայաստանի Հանրապետության  առաջատար հարկատուների մեջ»,- ասել է ռուս դիվանագետը։

Նա նշել է, որ այս գործոնները պետք է հաշվի առնել եւ օգտագործել։ «Հասկանալի է, մեզ միշտ միավորել եւ շարունակում են միավորել հոգեւոր-բարոյական եւ մշակութային կապերը, միջմարդկային կապերը։ Որպես օրինակ՝ ռուսաստանցիները շարունակում են մնալ ամենամեծ տուրիստական կոնտինգենտը Հայաստանի Հանրապետությունում»,- ավելացրել է Կոպիրկինը։