Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտահոգություն է հայտնել Եգիպտոսի ռազմական ներուժի հզորացման կապակցությամբ, հայտնել է Ma'ariv թերթը։ Ըստ թերթի տեղեկությունների՝ վարչապետն այս մասին հայտարարել է Իսրայելի խորհրդարանի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փակ նիստի ժամանակ։

Նեթանյահուն փաստել է, որ Իսրայելն ու Եգիպտոսն ունեն դիվանագիտական հարաբերություններ և ընդհանուր շահեր, սակայն, նրա կարծիքով, եգիպտական բանակն այժմ ակտիվորեն հզորանում է, փոխանցում է TASS-ը։ «Դրան պետք է ուշադիր հետևել և թույլ չտալ չափազանց լուրջ ուժեղացում», - պնդել է նա խորհրդարանականների հետ հանդիպմանը։

Իսրայելի վարչապետը նմանատիպ մտահոգություններ հայտնել էր նաև նախկինում։ Մասնավորապես, 2025 թվականի սեպտեմբերին ամերիկյան Axios պորտալը հայտնել է, որ Նեթանյահուն խնդրել է ԱՄՆ վարչակազմին ճնշում գործադրել Կահիրեի վրա, քանի որ կարծում էր, որ Եգիպտոսը Սինայի թերակղզում մի քանի քայլեր է ձեռնարկել, որոնք «1979 թվականին ստորագրված խաղաղության պայմանագրի լուրջ խախտում են»։

Հրեական պետությունում պորտալի աղբյուրները պնդում են, որ եգիպտական կողմը թերակղզում «ռազմական ենթակառուցվածքներ է ստեղծում», այդ թվում՝ այնպիսիք, «որոնք կարող են օգտագործվել հարձակողական նպատակներով»։ Ինչպես հայտնել են զրուցակիցները, արաբական հանրապետության զինվորականները ավելացրել են իրենց ավիաբազաների թռիչքուղիների երկարությունը և կառուցել են ստորգետնյա օբյեկտներ, որոնք կարող են օգտագործվել հրթիռների պահպանման համար։