Սուրբ Վալենտինի տոնը կարելի է վերանվանել «Սիրո տոն» կամ «Փափուկ խաղալիքի տոն», РИА Новости-ին է ասել Պետդումայի ընտանիքի պաշտպանության, հայրության, մայրության և մանկության հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Տատյանա Բուցկայան։
«Կարևոր է ոչ միայն փոխել անվանումը, այլև ստեղծել մի ամբողջական համակարգ՝ և՛ նոր անվանումը, և՛ խորհրդանիշը, օրինակ՝ սրտիկներ, փափուկ խաղալիքներ՝ որպես բարության նշան։ Սա պետք է լինի սիրո, խոստովանության, քնքշանքի օր։ Մենք լիովին կարող ենք փետրվարի 14-ը դարձնել նրանց տոնը, ում համար «սեր», «ընտանիք», «երեխաներ» բառերը կյանքում ամենակարևորն են՝ առանց հիշելու Վալենտինին ու նրա հակասական պատմությունը։ Դա կարող է լինել «Սիրո տոն» կամ «Փափուկ խաղալիքի տոն»»,- նշել է նա։
Ըստ նրա, կարևոր է ոչ թե արգելել հենց տոնը, այլ առաջարկել այնպիսի տարբերակ, որն արմատանա ու դառնա ժողովրդական։
«Մի փոքր փոխել կողմնորոշիչները, բայց թողնել համակրանք ցույց տալու, սեր խոստովանելու, ամուսնության առաջարկ անելու հնարավորությունը։ Խիստ կարևոր է ոչ միայն անվանում տալ, այլև օրինակ ցույց տալ, թե ինչպես կարելի է սեր խոստովանել, առաջարկություն անել, որպեսզի հետո՝ հուլիսի 8-ին՝ Սուրբ Պետրոսի և Ֆևրոնիայի օրը, հարսանիք անեն։ Ակնհայտ է, որ սիրո և հավատարմության մեր մեծ տոնը հուլիսի 8-ն է, այն արդեն օրացույցում կարմիր օր է»,- հավելել է պատգամավորը։
Բուցկայան կարծում է, որ փետրվարի 14-ը կարող է դառնալ այն օրը, երբ ռուսաստանցիներն ամուսնության առաջարկություն են անում և հարսանիք ծրագրում ամռանը։