Իրանը հանդես է եկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների ազատ տնտեսական գոտիների (ԱՏԳ) համագործակցության մասնագիտացված կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությամբ: Ինչպես հայտնում է Tasnim գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ տնտեսական համակարգման դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Նազերին:

Նրա խոսքով՝ առաջարկն ուղղված է տարածաշրջանի տնտեսությունների ավելի խորը ինտեգրմանը և առևտրային արտոնությունների ներուժի առավելագույն օգտագործմանը: Նազերին ընդգծել է, որ ազատ գոտիները նախատեսում են նվազագույն մաքսատուրքեր, ինչը զգալիորեն կրճատում է բիզնեսի ծախսերը:

Իրանի ազատ տնտեսական գոտիներում արդեն իսկ գործում են օրենքներ, որոնք խրախուսում և պաշտպանում են օտարերկրյա ներդրողներին: Հիմնական խթանների թվում են 5-10 տարվա հարկային արձակուրդները, կապիտալի պահպանման և շահույթի դուրսբերման երաշխիքները, ինչպես նաև ներդրումների մուտքի և ելքի պարզեցված ընթացակարգը: