Արևմտյան երկրների վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունները «ուժեր են կուտակում» և նախապատրաստվում են Բելառուսում «սահմանադրական կարգի» փոփոխությանը, հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ): Գերատեսչության վարկածով՝ գործողությունը թիրախավորում է 2030 թվականի նախագահական ընտրությունները, իսկ դրա իրականացման համար ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Լեհաստանի հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները «բելառուսական հասարակության մեջ փնտրում են նոր լիբերալ պասիոնարների»: Ի թիվս այլոց, Արևմուտքում հույս ունեն «թուլացնել Մինսկի և Մոսկվայի կապը Միութենական պետության շրջանակներում և դժվարացնել Ռուսաստանի համար Ուկրաինայում ռազմական գործողության նպատակներին հասնելը», ընդգծել է հետախուզությունը:

Միևնույն ժամանակ, ԱՀԾ-ն վստահեցրել է, որ բելառուսներն այլևս դուրս չեն գա զանգվածային բողոքի ցույցերի, որոնք համակել էին երկիրը 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ Լուկաշենկոն պարտվել էր Սվետլանա Տիխանովսկայային՝ իր մրցակիցներից մեկի կնոջը, ով գտնվում էր բանտում։ «Բելառուսական հասարակությունը, հաղթահարելով թշնամական արտաքին ուժերի կողմից բեմադրված 2020 թվականի ներքաղաքական ճգնաժամը, լավ «պատվաստում» է ստացել երկրում իրավիճակը տատանելու փորձերի դեմ», - ընդգծել են ԱՀԾ-ում։ Ընդհանուր առմամբ, Բելառուսում 2020 թվականի հանրահավաքների մասնակիցների դեմ հարուցվել է ավելի քան 4,7 հազար քրեական գործ, իսկ ՄԱԿ-ը հայտնել է ձերբակալվածների խոշտանգումների հարյուրավոր դեպքերի մասին։

2025 թվականի հունվարին Լուկաշենկոն վերընտրվել է յոթերորդ ժամկետով՝ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարկածով ստանալով ձայների 86,82%-ը։ Այսպիսով, նա ռեկորդ է սահմանել իր իշխանության 30 տարիների ընթացքում։ Մինչ այդ նրա առավելագույն արդյունքը 2015 թվականին եղել է 83,4%-ը։ Արևմտյան երկրները չեն ճանաչել ընտրությունները՝ դրանք անվանելով «ֆիկցիա» (կեղծիք)։ Միևնույն ժամանակ, քաղաքացիների շրջանում հուզումներից խուսափելու համար երկրում սահմանափակվել է համացանցի հասանելիությունը։ Ինքը՝ Լուկաշենկոն, հայտարարել է, որ 2020 թվականի իրադարձություններից հետո այնպիսի քաղաքականություն է վարել, որ «ժողովուրդը չկարողանա բերանը բացել»։